«Կարիքավոր մի շարք ընտանիքներ դուրս են մնացել աջակցության շրջանակից»
05.05.2020 | 00:21
«Լուսավոր Հայաստանի»՝ յուրաքանչյուր ընտանիքի 100-հազարական դրամ տրամադրելու առաջարկը, որ իշխանությունը պոպուլիստական որակեց, տնտեսագետ, տնտեսագիտության թեկնածու, դոցենտ ԿԱՐԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ խելամիտ ու Հայաստանում առկա սոցիալական ծանր իրավիճակից բխող առաջարկ է համարում։ Ըստ նրա՝ ակնհայտ է, որ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները բարձր արդյունավետություն չունեն, ինչը պայմանավորված է դրանց հիմքում դրված չափանիշների բարդությամբ և անհամարժեքությամբ: Դրանով է բացատրվում, որ սոցիալական աջակցության այդ ծրագրերը շահառուների շատ ցածր ծածկույթ ապահովեցին: «Իրատեսի» հետ զրույցում նա ասաց նաև, որ այդ միջոցառումները նախատեսված էին մարտ ամսվա համար, բայց արդեն մայիս ամիսն է, ու մի շարք սոցիալ-տնտեսական խնդիրներ են կուտակվել:
-Հասկանալի էլ չէ, թե կառավարությունն ինչ լուծումներ է առաջարկելու դրանց համար նման դանդաղկոտությամբ և մարտահրավերներին անհամարժեք արձագանքելու գործելաոճով,- հավելում է տնտեսագետը։- Հաշվի առնելով վերոգրյալը՝ այժմ անհրաժեշտ է հակաճգնաժամային ծրագրերի համար նախատեսված միջոցների այս պահին առկա մնացորդը, որը 100 մլրդ դրամ է, տնային տնտեսությունների ուղղակի աջակցությանն ուղղել: Հայաստանում կա շուրջ 650000 ընտանիք, և եթե կառավարությունն այն դիրքորոշմանն է, որ ապահովված ընտանիքներին չի աջակցելու, իսկ այդ կարծիքը ես չեմ կիսում, քանի որ դա մեծ վարչարարություն է պահանջում, ապա այդ թիվը նվազման ենթակա է։ Եթե 100 մլրդ-ը բաժանվի ընտանիքներին, կազմելու է մոտ 150 հազար դրամ, իսկ եթե հանենք ապահովվածներին, բնականաբար՝ ավելի շատ։ Գումարը հատկացնելիս պետք է հաշվի առնել նաև ընտանիքի անդամների թիվը, որպեսզի ապահովվի ծրագրի սոցիալական արդարացիության սկզբունքը։
-Իշխանությունն ասում է, թե դժվարանում են տեղորոշել այն քաղաքացիներին, որոնք ունեն աջակցության կարիք, հետևաբար, հաշվում է Փաշինյանը, հարևանը, որ պետության տրամադրած օժանդակության կարիքը չունի, կարող է վճարել հարևանի կոմունալ ծախսերը: Խելամի՞տ բան է առաջարկում վարչապետը:
-Նման իրավիճակներից խուսափելու համար է նաև անհրաժեշտ օժանդակություն տրամադրել բոլոր ընտանիքներին։ Հակաճգնաժամային աջակցություն տրամադրելիս կառավարությունն ընտրել է ամենադժվար իրագործելի և աշխատատար եղանակը: Փաստացի մի իրավիճակում ենք հայտնվել, երբ կարիքավոր մի շարք ընտանիքներ դուրս են մնացել աջակցության շրջանակից: Սա է պատճառը, որ արդեն մի քանի անգամ վերանայվել է աջակցության շահառուների շրջանակը: Ինչ վերաբերում է վարչապետի առաջարկին, ապա հարևանների փոխաջակցության ձևաչափը, բնականաբար, կառավարության հակաճգնաժամային միջոցառում չենք կարող համարել: Թե որքանով դա կիրագործվի, որևէ կանխատեսում անել չենք կարող, սակայն եթե անգամ մարդիկ արձագանքեն այդ կոչին, չի կարելի ակնկալել, թե խնդիրն ամբողջապես կհանգուցալուծվի:
-Մի շարք ոլորտների աշխատակիցներ, որ կարանտինի օրերին չեն աշխատել, այժմ դժգոհում են, թե որևէ ծրագրում ներառված չեն:
-Կառավարությունն ի սկզբանե ճիշտ գործելաոճ չի որդեգրել, և ունենք այն, ինչ ունենք։ Օրինակ` արտագնա աշխատանքի մեկնող քաղաքացիները որևէ աջակցություն չեն ստանում, իսկ այդ մարդիկ փոքր թիվ չեն կազմում: Թե ինչպես պետք է լուծել այս ընտանիքների սոցիալական խնդիրը, կառավարությունը որևէ կերպ չի անդրադառնում։
-Քաղաքացիները դժգոհում են նաև, որ առցանց հարթակներում չեն կարողանում գրանցվել, կամ ցանցը իրենց տվյալները չի հաստատում:
-Առցանց հարթակների գործունեության ձևաչափը բավական բարդ է և խրթին, դրանցից օգտվելու համար պահանջվում է ներբեռնել տվյալների մեծ ծավալ, որոնք որոշ դեպքերում անհասկանալի կերպով են ձևակերպված կամ դժվարամատչելի են, տեխնիկական լուրջ խնդիրներ ունեն, ինչը դժվարություններ է ստեղծում շահառուների համար։ Հետևաբար, անհրաժեշտ է առավելագույնս պարզեցնել դիմումների ստացման առցանց ընթացակարգը։
-Կառավարությունը նշում է, որ ֆինանսական միջոցները քիչ են՝ հակաճգնաժամային միջոցառումներին ուղղելու համար։
-Ֆինանսները կամ փողը միշտ էլ չեն բավականացնում թե՛ պետության, թե՛ տնտեսավարողների, թե՛ քաղաքացիների բոլոր կարիքները հոգալու համար, անգամ աշխարհի ամենազարգացած երկրներում։ Այսինքն` բոլոր կարիքները միաժամանակ չեն կարող բավարարվել, ուստի անհրաժեշտ է ռազմավարական մոտեցում ցուցաբերել և վերանայել ծախսերի առաջնահերթությունները՝ որ ծախսերն են ավելի հրատապ ու կարևոր, որոնք՝ ոչ այնքան: Այլ կերպ ասած, ֆինանսները միշտ էլ հնարավոր է վերաբաշխել, ինչը վերջիններիս հիմնական գործառույթներից մեկն է։ Կարծում եմ՝ եթե անգամ կառավարությունը չի ցանկանում այս նպատակով ծախսել Կենտրոնական բանկում որպես ավանդ ներդրված գումարը, ապա կարող է օգտագործել, օրինակ, գործուղումների կամ ներկայացուցչական միջոցառումների, գույքի ձեռքբերման համար նախատեսված միջոցներն ու դրանք ուղղել հակաճգնաժամային աջակցությանը։
-Կառավարության հակաճգնաժամային քայլերն ինչպե՞ս եք գնահատում:
-Կառավարության հակաճգնաժամային միջոցառումները կարելի է գնահատել երեք հիմնական չափորոշիչներով՝ դրանց ծավալը, ընդգրկվածությունը և օպերատիվությունը։ Առաջինը հակաճգնաժամային հատկացումների ծավալն է և դրա հարաբերակցությունը երկրի ՀՆԱ-ին։ Այսպես` կառավարության հակաճգնաժամային աջակցության ընդհանուր ծավալը նախատեսվել է 150 մլրդ դրամ, որից 25 միլիարդ դրամն ուղղված է տնտեսական աջակցությանը, այդ թվում՝ վարկերի տոկոսների սուբսիդավորմանը, 30 միլիարդ դրամ՝ սոցիալական աջակցության միջոցառումներին։ Մնացած միջոցներից առնվազն 80 միլիարդ դրամ ուղղվելու է նորարարական ծրագրերի ֆինանսավորմանը, որոնք դեռևս հստակեցված չեն ու հակաճգնաժամային չեն կարող համարվել ուղղակի իմաստով։ Այսինքն` բուն ճգնաժամի հաղթահարմանն այս պահի դրությամբ հատկացվել է 55 մլրդ դրամ։
Հայաստանի ՀՆԱ-ն 2019-ի վերջին կազմել է շուրջ 6533,8 մլրդ դրամ՝ մոտ 13,44 մլրդ դոլար։ Այսպիսով` Հայաստանի կառավարության կողմից բուն հակաճգնաժամային աջակցության ծավալի հարաբերակցությունը ՀՆԱ-ին կազմում է ՀՆԱ-ի 0,84 %-ը։ Համեմատության համար նշենք, որ արտասահմանյան երկրներում այս ցուցանիշն անհամեմատ ավելի բարձր է, օրինակ, ԱՄՆ-ում՝ 10 %, Մեծ Բրիտանիայում՝15 %, Իտալիայում՝ 18 %, Իսպանիայում՝ 15 %, Ֆրանսիայում՝ 21 % Շվեյցարիայում՝ 6,5 %, Լեհաստանում՝ 10 %, Էստոնիայում՝ 8 %, Լիտվայում՝ 4,7 %։ Այսինքն` այս չափանիշով արդյունավետությունը բավական ցածր է։
Մյուս չափորոշիչը հակաճգնաժամային միջոցառումների շահառուների շրջանակի ընդգրկվածությունն է կամ վերջինիս ծածկույթը։ Այս առումով ևս արդյունավետությունը ցածր է, քանի որ, ինչպես արդեն նշեցի, բազմաթիվ ոլորտներ, տնտեսական խնդիրներ ունեցող կազմակերպություններ և կարիքավոր ընտանիքներ դուրս են մնացել այդ ծրագրերի շրջանակից։
Եվ վերջապես երրորդը կառավարության հակաճգնաժամային միջոցառումների օպերատիվությունն ու դյուրինությունը չափելու չափորոշիչն է: Այս մասով նույնպես լուրջ խնդիրներ են առկա, քանի որ տնտեսությունը հարկադիր պարապուրդի է մատնված մարտ ամսից, բայց հակաճգնաժամային աջակցության հիմնական միջոցառումները հաստատվել են ապրիլ ամսին միայն։ Ինչ վերաբերում է այդ միջոցառումներից օգտվելու դյուրինությանը, ապա կառավարության սահմանած բավականաչափ բարդ ընթացակարգերն ու առցանց համակարգերի աշխատանքի թերությունները էապես նվազեցնում են կառավարության կողմից իրականացվող միջոցառումների արդյունավետությունը։
Զրույցը` Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ